Ասում են` մեր երկրի առաջին ընդդիմությունն առաջացել է այն պատճառով, որ շարժման առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը, ովքեր հետո դարձան նոր Հանրապետության ղեկավարներ, գժտվել են: Այս վարկածը միանգամայն տրամաբանական է թվում, որովհետև առաջին նախագահին թունդ ընդդիմադիր Վազգեն Մանուկյանը տարիների ընթացքում ինտեգրվեց իշխանությանը, որը որակով ավելի լավը չէր նրանից, ինչը կար Տեր-Պետրոսյանի ժամանակ:
Ասում են` հիմա էլ Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանն են ժողովրդից խռովել ու հեռանում են իրենց երկրորդ, իսկ գուցե առաջին հայրենիք` ԱՄՆ, որտեղ այս գործիչների քաղաքական ու հանրային նշանակությունն այնքան սահմանափակ է, որ նրանք որևէ մեկի հետ լավ լինելու կամ գժտվելու խնդիր չեն ունենա:
Ընդհանրապես, երբ դիտարկում ենք ՕՐՕ դաշինքի գործունեությունը, տեսնում ենք, որ քաղաքական այս ուժի «գաղարախոսությունը» կառուցված է հենց նեղանալու վրա: Չեմ կարողանում մտաբերել մի սկզբունքային հարց, որում Սեյրան Օհանյանը հակադրված լինի Սերժ Սարգսյանին: Նախընտրական արշավի ժամանակ էլ այդպիսի հարց երևան չկավ: Մնում է ենթադրել, որ եթե Սեյրան Օհանյանը Սերժ Սարգսյանից չնեղանար, հիմա Խաչատուրովի փոխարեն գործի կանցներ Մոսկվայում, ՕՐՕ անհասկանալի միավորումը չէր ստեղծվի, Բաբայան Սամոն էլ` գուցե ինչ-որ տեղ բիզնես աներ` ԱԱԾ մեկուսարանում տանջվելու փոխարեն: Հետաքրքիրն այն է, որ Վարդան Օսկանյանը, ով թունդ ընդդիմադիրի կարգավիճակի մեջ է, գործող իշխանության հետ նույնիսկ սկզբունքային ընդհանրություն ունի ամենակենսական հարցում: ԼՂ խնդիրը շարունակում է մնալ մադրիդյան փիլիսոփայության շրջանակներում, որի ակունքներում կանգնած է եղել հենց Օսկանյանը:
Մնում է ենթադրել, որ ԱԳ նախկին նախարարը նեղացել է, որ կառավարական «դաչայում» իր փոխարեն ապրում է Էդվարդ Նալբանդյանը: Րաֆֆիի մասին չեմ էլ ուզում խոսել, որովհետև նրա նեղանալ-բարիշելու մշտական ցիկլը հինգ հարյուր հազարանոց էլեկտորատը դարձրեց հինգ հազար, «Ժառանգությունը» վերածվեց աղքատիկ «կտակի»:
Ժամանակակից քաղաքական համակարգերը կառուցվում են ծրագրային բաղկացուցիչով կամ գոնե այնպիսի մոտիվներով` թեկուզ կոնյուկտուրային, որոնք հետաքրքիր են հանրությանը: Հայաստանի քաղաքական համակարգի հիմքում «իրար հետ ուտելու» կամ «իրար ուտելու» հակահանրային սկզբունքներն են:
Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ